Показаны сообщения с ярлыком ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄՏՔԵՐ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՄՏՔԵՐ. Показать все сообщения

понедельник, 16 декабря 2013 г.

մի քիչ էլ ձյան ու ձմռան մասին...

Սեդա Գասպարյան 

(ես, սուրճը, մտքերս)




Ձյունա գալի~սս: Բղավում էինք ու վազում բակ:
-Շուտ տուն կգաք: Շատ չթրջվեք:
-Եղավ մամ:
Մի իսկական ձնային պատերազմ: Մասնակցում էինք ես, եղբայրս և մեր հարևանի տղաները: Շենքում շատ ընկերուհիներ ունեի: Արտագաղթեցին ընտանիքներով:
Խաղում էինք, վազում, ընկնում, ելնում ու շարունակում: Մեր հարևանը Ալվարդ տատին մի լավ բան էր մտածել: Որպեսզի թոռնիկների ոտքերը չթրջվեն, գուլպաների վրայից ցելոֆաններ էին հագնում: Հնարամիտ էր...
Սահնակ ունենալը ահագին մեծ բախտավորություն էր: Բայց պետք էր հանել տանից, իջեցնել 5 հարկ, հետևել, որ չկորչի, հետո նորից տուն տանել: Իսկ ահա այդ դեպքում օգնության էին հասնում ցելոֆանները: Նստում էինք վրան ու սահում: Մի անգամ երեխաներից մեկը տանից մեծ կլոր սինի էր բերել: Շա~տ լավ էր սահում: 

Սահելու համար ամենաարկածային վայրը մեծ դիքն էր: Համ սահելու տարածությունն է մեծ, համ թեքությունն է համապատասխան: Պարզապես բավականին վտանգավոր էր նաև: Դիքը սկսվում է կտրուկ շրջադարձով: Եկող մեքենաները երեխաներին չեն տեսնում: Այդտեղով սահելը մեծ համարձակություն էր պահանջում. ինչից, իհարկե, երեխաները չեն դժգոհում:
Տուն էինք գնում մութն ընկնելուն պես կամ երբ շենքի պատշգամբներից հնչում էին տարբեր անուններ:
-Լա~վ էլի մամ, մի քիչ էլ խաղում, նայի սաղ դուրսն են հլը:
Տաք վառարանը տանը մեղմ ճարճատում էր: Ոչ գազի վառարան էր, ոչ էլ Baxi կամ Mercury: Փայտո~վ վառվող իսկական վառարան, որի վրա միշտ թշու~մ էր թեյնիկը: Երկար խաղալուց ու սառելուց հետո երբ ձեռքերդ սկսում են տաքանալ, մի տեսակ հաճելիորեն ծակծում են, թմրում: Օ~ այնքան վաղուց չեմ ունեցել այդ զգացողությունը:


воскресенье, 24 ноября 2013 г.

ՆԱՄԱԿՆԵՐ CITY ՓՈՍՏԻՑ՝ ...Ես և Երևանս...

Սոնա 
Ժամանակն է, որևէ բան գրելու՝ մտածեցի ես, երբ կարդացի CITY LIFE բլոգի հայտարարությունը: Ինչից սկսել՝ սա էր առաջին խնդիրը, հետո հասկացա, որ առաջին խնդիրը ճիշտ խնդիր գտնելն է: Հիմա, մեր օրերում այնքան շատ մտածելու առիթ տվող թեմաներ կան, որ իսկապես դժվար է կողմնորոշվել, թե որի մասին պետք է գրել: Գրեմ քաղաքականության մասին՝ բոլորը, ամենուրեք և անընդհատ գրում են, խոսում են քաղաքականությունից, սպորտով երբեք չեմ հետաքրքրվել իսկ մշակույթի մասին խոսելու համար կարծում եմ, դեռ այնքան էլ չեմ մեծացել :) ուրեմն ճիշտ ժամանակն է պատմել ձեզ իմ և Երևանի մասին:

Ես ու Երևանը հանդիպեցինք մի մռայլ, անձրևոտ օր Աբովյան փողոցի վրա: Առավոտ էր, բոլոր շտապողները հասել էին նշանակված վայրեր, իսկ ես ուրախ կանգնած էի Երևանի հետ՝ գոհ, որ հանդիպումս կայացավ: Երևանը եկել էր դատարկաձեռն, իսկ ես բերել էի հետս իմ ողջ զգեստապահարանը երեք մեծ ճամպրուկների մեջ: Մենք երկար զբոսնեցինք և ես սիրահարվեցի, որովհետև Երևանը, թեև նկարներով գեղեցիկ է, բայց իրականում ավելի գրավիչ է: Մեր սիրավեպը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր, իսկ հետո, մի գեղեցիկ օր մենք որոշեցինք երբեք չբաժանվել: Թեև ես հաճախ ձուլվում եմ առավոտյան միշտ շտապող մարդկանց, բայց ամեն երեկո սիրահարված ու ջերմ մենք զբոսնում ենք միասին՝ ես և Երևանս...


среда, 20 ноября 2013 г.

iմարդ (տպագրվել է TV ալիք շաբաթաթերթում)


 Անի Մաղաքյան








Ես նայում եմ հին հեռախոսի խուճուճ լարին ու կարոտում դրա բարձր զանգի ձայնը, որն անհնար էր անձայն ռեժիմի տակ դնել: Անհնար էր տեսնել, թե ով է զանգում և այդ բարձր «զըըըընգ, զըըըըրըըընգ»-ը ստիպում էր հազար բան մտածել… 
 Այդ հեռախոսով ինձ զանգում էին այն հին ու բարի մարդիկ, ովքեր այսօր չունեն իմ անձնական հեռախոսահամարը, բայց ես նրանց այնքան շատ եմ կարոտել:
Կարմիր, հին հեռախոսը տխուր ժպտում է ինձ իր կլոր, մեծ բերանով, այն iհեռախոս չէ, ինքը մեր տան առաջինն է: Այն միայն զանգելու համար էր, ես դրանով նամակներ չէի կարող գրել, փոխարենը հիշում եմ իմ ծրարների հավաքածուն և մորաքրոջս տան նամականիշերի մեծ ալբոմը:
Ես փորձում եմ գտնել ճիշտ լարերը ու միացնել մեր մեծ, կլոր բերանով հեռախոսը և ահա լսափողի միջից լսվում է երկար գուդոկը:

Հին հեռախոսը, մեծ լսափողը, ինձ հիշեցնում են տարիներ, երբ բավական էր գրադարանում գտնել քո ուզած գիրքը, ունենալ գնդակ ու մեծ թենիս, ունենալ գունավոր մատիտներ ու նկարչական ալբոմում ազատ էջեր և դու արդեն երջանիկ էիր: Այս ամենը նման է հին գովազդներին, որոնք տարիներ անց դիտելով, հիշում ես քեզ՝ կիրակնօրյա կեսօրին հեռուստացույցի առաջ՝ փոքր, հետաքրքրասեր ու «Չիպը և Դեյլը շտապում են օգնության» մուլտֆիլմին անհամբեր սպասող: Կիրակին ինձ համար մուլտֆիմերի, հետաքրքիր հաղորդումների, հեռուստահամերգների, իմ շատ սիրելի հեռուստաթատրոնների ու ֆիլմերի օր էր: Հիմա կիրակին շաբաթվա ընթացքում չդիտած սերիալները դիտելու յուրահատուկ հնարավորություն է, իսկ նրանք ովքեր ողջ շաբաթ դիտել են, մեկ անգամ ևս կարող են կրկնել անցած թեման: 

среда, 6 ноября 2013 г.

Ախր ես մեղք չունեեմ

Սեդա Գասպարյան (ես, սուրճը, մտքերս...)




Երևի նախորդ կյանքում մեխանիկ եմ եղել, կամ գոնե ինժեներ, բայց չստացված: Այլապես չեմ կարողանում բացատրել իմ մեծ սերը և հետաքրքրությունը դեպի մեխանիկական սարքերը, դե հիմնականում դրանք քանդելը: Երևի 12-13 տարեկան էի, որոշեցի մայրիկիս ուրախացնել` մաքրելով մեր հարիչը: Քանի որ սիրում եմ ամեն ինչում կատարելություն, այստեղ էլ որոշեցի գործս անել ամենայն ուշադրությամբ` բաց չթողնելով և ոչ մի դետալ. նկատեցի, որ հետևի մասում ալյուր է հավաքվել, բացեցի հարիչը, մի լավ մաքրեցի բոլոր մասերը: Ցավոք մոռացել էի մի փոքրիկ մանրուք` մտապահել դետալների ճիշտ դասավորվածությունը: Արդյունքում մենք ունեցանք մաս-մաքուր հարիչ, բայց չաշխատող: Մյուս բոլոր դեպքերում նկարում էի օբյեկտը քանդելուց առաջ, համենայնդեպս այդպես արեցի համակարգիչը օտիդո մաքրելուց առաջ... բայց դա էլ չօգնեց: Ուզում էի մինչև հորս աշխատանքից վերադառնալը խնդիրը հարթել, այդպիսով կանչեցի ինձ ծանոթ մի տղայի, ով բոլոր ծանոթներից ամենալավն էր հասկանում համակարգիչներից... կարծես թե...Նա եկավ ընկերոջ հետ, ով իրենից լավ էր հասկանում: Մասերից մեկը տեղադրելիս ջարդեցին: Եվ դա այն օրերին, երբ համակարգիչն ինձ պետք էր առավել, քան երբևէ: Ստիպված էի մի քանի օր դիմանալ հարևանի համակարգչից օգտվելուն և հորս բարի հանդիմանություններին:


Մի լավ բնավորության գիծ ունեմ, որը մերոնք այդքան էլ չեն գնահատում: Երբ մի բան ինքս եմ փչացնում, անպայման ասում եմ այդ մասին, որից սակայն բխում են անցանկալի հետևանքներ. տանը ինչ փչանում է, ինձ են մեղադրում: Անգամ հիմա, երբ մի տարի է, ինչ ամուսնացել եմ: Դե... չնայած, հիմնականում չեն սխալվում: Վերջերս մերոնց տանն էի, հեռուստացույցով փնտրում էի <<Արմենիա>> ալիքը, ինչ-որ բան էին փոխել կարգավորումների մեջ: Փնտրեցի, փորփրեցի, և ո~վ հրաշք, բոլոր ալիքներն անհայտացան: Գնացի քնելու: Մայրիկիս ասացի, որ ինչ-որ բաներ խառնել եմ, վաղը կնայեմ, կիսաքուն էր երևի, ուշադիր չլսեց: Հաջորդ օրը մոռացա նայեմ, այդպես անցավ մի ամիս: Կրկին հյուր գնացի մերոնց, հայրս պայմանավորվում էր մասնագետի հետ, որ գա նայի մեր արբանյակային անտենան: Խեղճ տղան հավաքել էր բոլոր սարքավորումներն ու եկել, երկու մեծ ու ծանր արկղ: Նայեց, ստուգեց... <<Երկու անտենայի ալիքներն էլ ջնջվել են, պետք է զրոյից ծրագիրը նստացնեմ>>: Այդպես <<Արմենիան>> փնտրելու արդյունքում մերոնք կորցրին 9000դրամ: Մայրս էլ ասաց, <<Դու էլ չգաս մեր տուն>>: :) Բայց ով ով, ես հո գիտեմ, որ մայրս կատակում է:

понедельник, 4 ноября 2013 г.

Իմ սեպտեմբերյան արկածները :)


Հեղ. Մարիամ Պողոսյան

Բրյուսովյան կյանքի առաջին օրերն էին: Դեռ նոր էինք ոտք դրել մեր շատ սիրելի համալսարան: Երեք ընկերուհիներով Lilit Zaqaryan, Arsine Patatanyan համալսարանի առաջ կանգնած չգիտեմ ինչի էինք սպասում, ու չգիտես ինչու հենվել էինք մի մեքենայի,որը կայանել էր համալսարանի առջև:

Այնքան էինք տարվել խոսակցությամբ,ու չէինք նկատել որ մեզանից մեկը արդեն այդ մեքենայի վրա դհոլ էր նվագում, մյուսը հենվել էր ասես իրենց տան բազմոցին, մյուսս չեմ հիշում ինչ էր անում: Ու չգիտես ինչու վստահ էինք որ մեքենայի մեջ մարդ չկա: Բայց քիչ անց չհասցրեցինք նկատել թե ոնց փախանք այդ մեքենայի մոտից, երբ Lilit Zaqaryan@ ասաց ''էրեխեք ավտոյի միջից ձեռք ա երևում'': ես միայն հասցրեցի տեսնել այդ ձեռքին կապած ժամացույցը:)

воскресенье, 3 ноября 2013 г.

Երբ աշխատանք ես փնտրում ...

Լիանա Վանեսյան
(Իմ գրպանների մտքերը)





Երևան քաղաքում գրեթե չկա մի որևէ ՓԲԸ, ՍՊԸ կամ ԱՁ, որտեղ ես ոտք դրած չլինեմ… Աշխատանքի անընդմեջ փնտրտուքի ընթացքում  եկավ ժամանակ երբ «հարցազրույցի գնալը» դարձել էր իմ օրվա անբաժան մասը….Ու թվում էր, թե մոռացել եմ` ինչ առիթով եմ գնում վերոհիշյալ ՓԲԸ, ՍՊԸ , ԱՁ-ները…..առավոտյան արթնանում էի ու… «մի  երկու տեղ հարցազրույցի գնամ, գամ»:
Ի դեպ, ես լրագրող եմ….:) Ու հաշվի առնելով թե որքան կազմակերպություներում ունեն իմ հեռախոսահամարն ու տվյալները` բավականին հայտնի….:)
Կարիք չկա պատմել իմ աշխատանքի տեղավորվելու բազմահազար փորձերի մասին, բայց կան դրվագներ, որոնք անհնար է մոռանալ:
Որպես լրագրող ընդունվեցի աշխատելու մշակութային ամսագրում….ոգևորույթանս մասին բառերով անհնար է պատմել…Բայց երկու շաբաթից  ղեկավարությունը որոշեց փոխել բիզնես պլանը` ամսագրի փոխարեն բացել հագուստի խանութ: J
Այնուհետև աշխատեցի սոցիալական հարցումներ անցկացնող ընկերությունում որպես հարցազրուցավար: Մի օր զանգահարեցի մի կնոջ, ներկայացա` «Բարի օր, ես Լիանան եմ այսինչ ընկերությունից»….ի պատասխան կինը բղավում է  «ինձ ոչ մի Լիաննա-Միաննա պետք չի»….ու մինչդեռ առաջ ես վախենում էի,  որ այդ աշախատանքն ինձ համար չէ, որ եթե կոպիտ խոսեն, կվիրավորվեմ, լաց կլինեմ և այլն…., այդ կնոջ հետ զրույցի ձայնագրությունը տնօրինությունը մի քանի անգամ լսեց, որ հասկանա` ինչն է ինձ այդքան ծիծաղեցրել: J
Կախարդանք…..ամիսներ անց փակվեց նաև այս կազմակերպությունը….
Հետո կադրային կենտորններ, հայտարարության կայքեր, ՓԲԸ….ԱՁ….:)
Այս ամենից հետո ես ինձ համարում եմ  այս հարցում փոքրիշատե իրազեկ և կարծում եմ կարող եմ աշխատանք փնտրողնրի հետ կիսվել այն նկատառումներով, որ հավաքել եմ այս  ժամանակահատվածում:
Ամենից առաջ, եթե մտնում եք որևէ աշխատավայր, և հենց առաջին պահին ուզում եք շրջվել ու գնալ, ապա վստահեցնում եմ` այդ զգացողությունը հետագայում էլ դժվար թե Ձեզ լքի….Բայց  կարելի է փորձել…
Այնուհետև….Տնոօրենը կամ Ձեզ հետ զրուցող անձը կարող է հարցնել, թե որքան աշխատավարձ եք ուզում (ինքս նման դեպքերում պատասխանում եմ 2 միլիոն….) J
Բնականաբար Ձեր նշած գումարը նրան անհավանական կթվա ….հարցրեք որքան են նախատեսում իրենք…եթե Ձեզ կոնկրետ գումար այդպես էլ չի ասվում (տնօրենը դեռ չի որոշել), ուրեմն դա էլ չի փոխվի…. նույնիսկ աշխատելու ընթացքում դուք այդպես էլ չեք հասկանա ի վերջո որքան է ձեր աշխատավարձը….
Հարցազրույցին ներկայացեք միայնակ: Մայրիկի, ընկերուհու, իսկ առավել ևս ընկերոջ հետ
հարցազրույցի ներկայանալը հավանաբար այդ փուլի վրա էլ կավարտվի:
Աղջիկներին  հաճախ հարցնում են ամուսնական կարգավիճակի մասին…եթե ամուսնացած չեք և Ձեզ հարցնում են պատրաստվում եք ամունանալ թե ոչ, հանգիստ, հանդուրժող դեմքով պատասխանում եք, որ բնության թելադրանքով յուրաքանչյուր կին ի վերջո ուզում է ամունսնանալ և մայրանալ:
Եվ ի վերջո, եթե ձեզ խոստանում են «ցանկացած պատասխանի դեպքում էլ զանգահարել» համոզված եղեք` ոչ ոք չի զանգարհարի ձեզ, որ հայտնի` «մենք ձեզ չենք ընդունելու աշխատանքի»:
Այսպիսով, կարող եմ ասել, որ սա շատ բարդ և համբերություն պահանջող գործընթաց է: Բայց պետք չէ շուտ համակերպվել, ընդունվել ձեզ ոչ հարմար աշխատանքի և ամեն առավոտ արթնանալ նռնակ գտնելու և սեփական աշխատավայրը երկրի երեսից վերացնելու հստակ որոշմամբ:
Կարևոր է, որ այս երկարատև փնտրուքներից հետո յուրաքանչյուրը գտնի իր սրտի աշխատանքը…Գտեք այն, ինչ սիրում եք: Այն ինչից հաճույք եք ստանում….