Սեդա Գասպարյան
(ես, սուրճը, մտքերս)
Ձյունա գալի~սս: Բղավում էինք ու
վազում բակ:
-Շուտ տուն կգաք: Շատ չթրջվեք:
-Եղավ մամ:
Մի իսկական ձնային պատերազմ: Մասնակցում
էինք ես, եղբայրս և մեր հարևանի տղաները: Շենքում շատ ընկերուհիներ ունեի: Արտագաղթեցին
ընտանիքներով:
Խաղում էինք, վազում, ընկնում, ելնում
ու շարունակում: Մեր հարևանը Ալվարդ տատին մի լավ բան էր մտածել: Որպեսզի թոռնիկների
ոտքերը չթրջվեն, գուլպաների վրայից ցելոֆաններ էին հագնում: Հնարամիտ էր...
Սահնակ ունենալը ահագին մեծ բախտավորություն
էր: Բայց պետք էր հանել տանից, իջեցնել 5 հարկ, հետևել, որ չկորչի, հետո նորից տուն
տանել: Իսկ ահա այդ դեպքում օգնության էին հասնում ցելոֆանները: Նստում էինք վրան ու
սահում: Մի անգամ երեխաներից մեկը տանից մեծ կլոր սինի էր բերել: Շա~տ լավ էր սահում:
Սահելու համար ամենաարկածային վայրը մեծ դիքն էր: Համ սահելու տարածությունն է մեծ,
համ թեքությունն է համապատասխան: Պարզապես բավականին վտանգավոր էր նաև: Դիքը սկսվում
է կտրուկ շրջադարձով: Եկող մեքենաները երեխաներին չեն տեսնում: Այդտեղով սահելը մեծ
համարձակություն էր պահանջում. ինչից, իհարկե, երեխաները չեն դժգոհում:
Տուն էինք գնում մութն ընկնելուն
պես կամ երբ շենքի պատշգամբներից հնչում էին տարբեր անուններ:
-Լա~վ էլի մամ, մի քիչ էլ խաղում,
նայի սաղ դուրսն են հլը:
Տաք վառարանը տանը մեղմ ճարճատում
էր: Ոչ գազի վառարան էր, ոչ էլ Baxi կամ Mercury: Փայտո~վ վառվող իսկական վառարան, որի վրա միշտ թշու~մ էր թեյնիկը: Երկար խաղալուց ու սառելուց հետո երբ ձեռքերդ սկսում են տաքանալ, մի տեսակ հաճելիորեն ծակծում են, թմրում: Օ~ այնքան վաղուց չեմ ունեցել այդ զգացողությունը:


Комментариев нет:
Отправить комментарий