среда, 20 ноября 2013 г.

iմարդ (տպագրվել է TV ալիք շաբաթաթերթում)


 Անի Մաղաքյան








Ես նայում եմ հին հեռախոսի խուճուճ լարին ու կարոտում դրա բարձր զանգի ձայնը, որն անհնար էր անձայն ռեժիմի տակ դնել: Անհնար էր տեսնել, թե ով է զանգում և այդ բարձր «զըըըընգ, զըըըըրըըընգ»-ը ստիպում էր հազար բան մտածել… 
 Այդ հեռախոսով ինձ զանգում էին այն հին ու բարի մարդիկ, ովքեր այսօր չունեն իմ անձնական հեռախոսահամարը, բայց ես նրանց այնքան շատ եմ կարոտել:
Կարմիր, հին հեռախոսը տխուր ժպտում է ինձ իր կլոր, մեծ բերանով, այն iհեռախոս չէ, ինքը մեր տան առաջինն է: Այն միայն զանգելու համար էր, ես դրանով նամակներ չէի կարող գրել, փոխարենը հիշում եմ իմ ծրարների հավաքածուն և մորաքրոջս տան նամականիշերի մեծ ալբոմը:
Ես փորձում եմ գտնել ճիշտ լարերը ու միացնել մեր մեծ, կլոր բերանով հեռախոսը և ահա լսափողի միջից լսվում է երկար գուդոկը:

Հին հեռախոսը, մեծ լսափողը, ինձ հիշեցնում են տարիներ, երբ բավական էր գրադարանում գտնել քո ուզած գիրքը, ունենալ գնդակ ու մեծ թենիս, ունենալ գունավոր մատիտներ ու նկարչական ալբոմում ազատ էջեր և դու արդեն երջանիկ էիր: Այս ամենը նման է հին գովազդներին, որոնք տարիներ անց դիտելով, հիշում ես քեզ՝ կիրակնօրյա կեսօրին հեռուստացույցի առաջ՝ փոքր, հետաքրքրասեր ու «Չիպը և Դեյլը շտապում են օգնության» մուլտֆիլմին անհամբեր սպասող: Կիրակին ինձ համար մուլտֆիմերի, հետաքրքիր հաղորդումների, հեռուստահամերգների, իմ շատ սիրելի հեռուստաթատրոնների ու ֆիլմերի օր էր: Հիմա կիրակին շաբաթվա ընթացքում չդիտած սերիալները դիտելու յուրահատուկ հնարավորություն է, իսկ նրանք ովքեր ողջ շաբաթ դիտել են, մեկ անգամ ևս կարող են կրկնել անցած թեման: 

Ոչնչով իրարից չտարբերվող օրերը այլևս չենք գունավորում սեփական ձեռքերով պատրաստած թղթե ձյան փաթիլներով, բավական է փոխել նկարը սոց.ցանում և դու արդեն թեմայի մեջ ես: Բավական է ընկերոջդ պատին գրես, որ շնորհավորում ես նրա ծննդյան տոնը, գրես աշխարհով մեկ, ի ցույց բոլորի, ի լուր ամենքի և գործը արված է, բավական է քո պատին գրել R.I.P. և դու արդեն կիսել ես հարազատիդ կորստի ցավը:
Մենք գարեջրով ու չիփսերով հեռուստացույցի առաջ ֆուտբոլ նայելու փոխարեն քննարկում ենք խաղը օնլայն և դա անում ենք ոչ թե խաղից հետո, այլ հենց  ընթացքում, ոմանք մեկնաբաններից ավելի արագ են արձագանքում: Մենք գրում ենք անընդհատ՝ թարմացնում ենք մեր ստատուսները, պատմում ենք, որ սիրում ենք, ատում, հիասթափվում, բարկանում, բայց ում համար ենք գրում, ինչի համար, ում ենք պատմում մեր կյանքը, ում առաջ ենք բացում մեր սրտերը, եթե օրինակ իմ  300-ից ավելի ընկերներից միայն 3-ն են, ովքեր իսկապես կարող են հասկանալ, լսել ինձ, լինել կողքիս:

Վերջերս ընկերուհուս մի շատ ուրախ, ծիծաղող սմայլ ուղարկեցի ու զգացի, որ միաժամանակ իմ դեմքի ոչ մի մկան չի շարժվում, ես վախեցա… i քեզ բան, ես կամաց-կամաց մոռանում եմ ծիծաղելը, դա իմ փոխարեն անում է այս կլորը…
Հիմա, երբ ծնվում են երեխաներ, որոնց համար մնայուն և ոչ այնքան մնայուն արժեքները կտրուկ փոխված են, ես հասկանում եմ, որ անկախ տարիքից հին եմ և դա ոչ լավ է, ոչ վատ:

Ժամանակը ընթանում է իրեն հատուկ անտարբերությամբ, իսկ մենք վազում, վազում, վազում ենք… մեկը լինի ասի՝ iմարդ, էդ ուր ես էդպես շտապում, հանդարտվիր… գտիր նրանց, ում կորցրել ես էկրանից այնկողմ, իրար ձեռք բռնեք, միմյանց ջերմություն փոխանցեք, ծիծաղեք լիաթոք ու մեկ-մեկ էլ միացրեք հին հեռախոսները…

Комментариев нет:

Отправить комментарий