вторник, 29 октября 2013 г.

Միայնակ Երևանում...:) Ես, սուրճը, մտքերս...

Սեդա Գասպարյան

Երևանի մասին կարել է խոսել ժամերով, ու էլի խոսել, անվերջ խոսել: Բայց այժմ կխոսեմ քաղաքի հետ իմ ծանոթության մասին: Ծնվել և մեծացել եմ Աբովյանում, Երևան գնում էինք դասարանով` էքսկուրսիաների, ծնողներիս հետ` գնումների, արտասահմանից եկած բարեկամների հետ` զբոսանքների: Իսկ երբ որևէ տեղ գնում ես մեկի ուղեկցությամբ հիմնականում ուշադրություն չես դարձնում թե որ ճանապարհով, կամ ինչ տրանսպորտային միջոցով ես գնում, քանի որ քեզ ապահով ես զգում, գիտես, որ հաստատ չես կորչի: Համենայնդեպս, ես բավականին անուշադիր էի այդ առումով և խուճապի մեջ էի, երբ ընդունվել էի բուհ և առաջին անգամ պետք է մենակ գնայի դասի: Սեպտեմբերի մեկին եղբայրս ինքը դասի չգնաց, որպեսզի ինձ տանի ճանաչողական էքսկուրսիայի դեպի իմ համալսարան:
- Նայի, էստեղից նստում ես էս համարի ավտոբուսը, մոտ կես ժամ հետո իջնում ես այ էս կանգառում, տուն գալուց անցնում ես փողոցը, նստում ես հակառակ ուղղությամբ նույն երթուղայինը: Կհիշե՞ս
-Չէ~,-հուսահատ պատասխանում էի ես:
Եվ եղբայրս ջանասիրաբար այլ տարբերակներ էր փնտրում ավելի հեշտ բացատրելու, մինչև որ չդիմացավ ու իրեն բնորոշ եղբայրական հանդիմանությամբ բացականչեց, <<Աղչի, դու հո դեբիլ չես>>: Անկեղծ եմ ասում, այնքան էի լարվում, որ մի տեսակ անընդունակ էի դարձել հիշելու որևէ բան:
-Նայի, օպերան անցնում ես, սվետաֆորի տակ, որ կանգնի, կասես կանգառում պահեք, կամ, լա~վ, էս կապույտ մեծ պաստառը տեսնու՞մ ես, հիշի, հենց տեսնես, էդ կանգառում կիջնես:

Բուհի ուղղությամբ` խաչմերուկում, շինարարական աշխատանքներ էին տարվում, և մեծ կապույտ պաստառ էր քաշած: Հաջորդ օրն այդ պաստառը չկար… Բարեբախտաբար երթուղայինում այսպես ասած <<իմ օրին>> ուսանողներ կային, միասին գտանք մի կերպ:
Հիշում եմ տանը իմ մասին արդեն անեկդոտներ էին պատմում ու մի լավ ծիծաղում: Դասի գնալու առաջին օրերն էին, խցանում էր ճանապարհին, ակնհայտորեն դասից ուշանալու էի, զանգեցի հայրիկիս.
-Պաապ, ինչ անեմ, խցանումա, ուշանում եմ դասից, մեր մոտ զգուշացրել են, որ դասից ուշանալ չի կարելի, վախում եմ դասի չթողեն:
-Ինչ ասեմ, բալես, իջի տաքսով գնա:
Երևանին բավականին շուտ ընտելացա, մի քանի ամսից անգամ քաղաքին ավելի լավ էի ծանոթ, քան երևանաբնակ որոշ կուրսեցիներս:
Կուրսեցիներս… Նախքան դասի գնալը որքան էի տառապում… <<Ինչպես կանցնի մեր ծանոթության առաջին օրը, ինչպես ինձ կընդունեն, կհարմարվեմ արդյոք…>> Այս ու նմանատիպ այլ հարցեր անընդհատ տանջում էին ինձ, անգամ երազներ էի տեսնում, կարծես մենակ եմ, ինձ հետ ոչ ոք չի շփվում… Ծանոթության առաջին իսկ օրվանից բոլոր մտատանջություններս հօդս ցնդեցին: Խմբում մեծամասնությունը պարզ, հասարակ երեխաներ էին: Կային, իհարկե, որոշ ռասիստներ (այդպես եմ կոչում այն երևանցիներին, ովքեր մեծ առավելություն են համարում Երևանում ծնված լինելու փաստը և մարզից եկածներին վերևից են նայում, <<Ռայոնից ես>>), բայց դա ամենևին չխանգարեց համերաշխ խումբ ստեղծելուն: Ռասիզմը Երևանում լուրջ խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք հաջորդ անգամ:

Կարծում եմ բոլորն էլ ունեն հետաքրքիր պատմություններ, թե ինչպես է անցել իրենց սեպտեմբերի մեկը, կարող եք կիսվել ձեր զավեշտալի պատմություններով, որոնք մենք կհրապարակենք մեր բլոգում:

Комментариев нет:

Отправить комментарий