Լիանա Վանեսյան
(իմ գրպանների մտքերը...)
Արդեն կես տարի է` ես ինձ արդարացիորեն համարում եմ
լեհ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկու երկրպագուն, նրա գրքերի մեծ սիրահարը:
Երևանյան գրադարաններում, սակայն, նրա մասին քչերը
գիտեն: Աշխատակցուհիներից մեկն էլ ինձ նախատեց «ընկել եք գերժամանակակից դատարկագլուխների
վեպեր եք կարդում….Մոպասանի «Կյանքը» կարդա,
աղջի՛կ….Այսպես գրադարանից գիրքը վերցնել-կարդալու տարբերակը սպառեց իրեն…
Հետո գրախանութ…3800 դրամ….չէ, ես գրքասեր եմ….բայց
գրքասեր ժլատ…J
Ի վերջո…հեռախոսիս մեջ բեռնել եմ Վիշնևսկու 12 գիրք…7-ն
արդեն կարդացել եմ (այս տարբերակը թվածներիցս ամենավատն է` արդյունքում ինձ ասացին
ակնաբուժները):
Ու երեկ առավոտյան իմացա, որ Վիշնևսկին Երևանում է
և հանդիպելու է ընթերցողներին: Նրա ամենահայտնի գործերից է «Մենությունը ցանցում» գիրքը,
որը համացանցի միջոցով ծանոթացած, սիրահարված, բայց ի վերջո իրականություն վերադարձած
կնոջ և տղամարդու պատմություն է: Շատերն այն ամփոփում են հեղինակի կողմից արված մեկ
արտահայտության մեջ` հավերժական երևույթներից ամենակարճատևը սերն է: Գիրքը գրվել է
հեղինակի համար շատ բարդ ժամանակահատվածում: «Ես բաժանվել էի կնոջիցս, ծանր հոգեվիճակում
էի, ու հասկացա, որ այսպիսի գիրք գրելն ավելի էժան կլինի, քան հոգեբանին դիմելը»:
Գիտնական, տեսաբան, քիմիկ, գրող և իսկական ռոմանտիկ
այս հեղինակը երկու ժամում գրավեց ներկա բոլոր կանանց սրտերը: «Աստղերին կարելի է նայել
որպես աստղագետ և որպես պոետ…ես այդպես նայում եմ կնոջը»,-ասում է Վիշնևսկին:
Գրողը հաճախ է իր վեպերում խոսում Հիտլերի մասին: Հավաքվածներին
հետաքրքիր էր, որն է դրա դրդապատճառը…«Մայրս գերմանուհի էր, ծնված Հիտլերի ծննդյան
օրը, հայրս 8 տարի անց էր կացրել համակենտրոնացման ճամբարում…Չգիտեմ ճակատագիր է, թե
ինչ….Գրողի համար սա արդեն պատրաստ գիրք է»:
Վիշնևսկին հիացած էր հայ կանանց և աղջիկների գեղեցկությամբ:
Հատկապես, որ բացի այդ նրանք կարդում են…
Հանդիպման ավարտին մոտ, սակայն, ոգևորությունս և դեմքիս
ժպիտը վերացան, երբ գրողն ասաց, որ արդար չէ անվճար «ձախ» կայքերից բեռնել գրքեր, որոնց
գրելիս գրողն իր զգացմունքներն ու մտավոր ջանքերն է ներդրել…ավելի արդար է գնել գիրքն
ու կարդալ…Ես դանդա˜ղ, թաթերի վրա հեռացա սրահից…J





Комментариев нет:
Отправить комментарий